Рубрика: Պատմվացքներ

Պատմվածք

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Рубрика: Մայրենի, Պատմվացքներ, Լրացուցիչ աշխատանքներ

Իմ ընկեր Նեսոն

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Рубрика: Պատմվացքներ

Պառավ ձին

Թարգմանությունը ՝ Հով․Թումանյանի

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Рубрика: Պատմվացքներ

Հնդկական հեքիաթ

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Рубрика: Պատմվացքներ

Հեծանիվը․ Ճաբուա Ամիրեջիբի

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրս արագ քայլելու սովորություն ուներ։ Ես մշտապես ետ էի մնում, առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էինք գնում, իմ ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Հեծանիվը նիկելապատ ղեկ ուներ, ցոլալապտերիկ, հետեւում՝ նստելատեղ եւ պահոց։ Տղան կարմիր այտեր եւ ինքնագոհ, զվարթ հայացք ուներ։

Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց, զանգի այս ձայնը սրտիս կպավ, կանգնել նայում էի ոչ այն է՝ տխուր, ոչ էլ ուրախությամբ։

Չգիտեմ, թե ինչքան կկանգնեի այնտեղ, եթե չլսեի հայրիկիս կանչը։

Վազելով նրան հասա։

― Այդ ինչի՞ն էիր նայում, ― հարցրեց հայրս։

― Այն տղան հեծանիվ ունի։

― Դո՞ւ էլ ես հեծանիվ ուզում։

― Ուզում եմ, ― պատասխանեցի ես։

― Շա՞տ ես ուզում։

Որոշ ժամանակ մտածեցի, թե ինչպե՞ս հասկացնեմ, որ իրոք շատ եմ ուզում, ոչ թե հենց այնպես․

― Շատ եմ ուզում, ― ասացի հաստատուն ձայնով։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Ոչինչ չհասկացա, բացի այն, որ հայրիկը նույն պահին ինչ֊որ բան որոշեց։

Մերոնց ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկս շուտ արթնացավ, միասին դուրս եկանք տնից, չգիտեի, թե ուր ենք գնում եւ երբ հարցրի՝ պատասխանեց․

― Կաշխատես, փող կստանաս եւ հեծանից կգնես։

Զարմացա եւ հարցրի հայրիկիս․

― Դու ի՞նչ է, հեծանիցի փող չունե՞ս։

― Ունեմ, ― պատասխանեց։ ― Դո՛ւ չունես, կաշխատես, կունենաս․․․

Այսպես զրուցելով մոտեցանք այն հիմնարկին, որտեղ ես, հայրիկիս որոշմամբ, հեծանիվի փող պիտի աշխատեի։ Արտադրամասն անցանք եւ ապակեպատ պատշգամբով փակված մի սենյակ մտանք, շուրջբոլորը ժանգի հոտ էր, երկաթի կտորներ եւ ինչ֊որ մասեր էին շարված այն մարդու սեղանին ում մոտ ինձ տարավ։

― Բարեւ, Միշո՛, քեզ համար բանվոր դասակարգ եմ բերել, ― ասաց հայրս։

Վարպետ Միշոն վեր կացավ, ձեռքով բարեւեց, թեւիցս բռնեց եւ կարգին զննեց ինձ, անգամ թափահարեց ուսերիցս բռնած։ Այնպես էր նայում, կարծես թե ինչ֊որ մեկի հետ մրցելու պիտի տաներ ինձ, կասկածում էր՝ կհաղթե՞մ, թե՝ ոչ։ Վարպետ Միշոն թխադեմ մարդ էր, ուժեղ, խալաթի գրպանից բավական հին կարկին էր երեւում։

Երբ վերջացրեց ինձ զննելը, ասաց․

― Գնա ամենավերջին արտադրամասը, այնտեղ Սերգեյ Միխայլովիչն է, ծեր մարդ է, փականագործ, ասա թող այստեղ գա։

Դուրս եկա, համարյա ոտքերի թաթերի վրա անցա առաջին արտադրամասը։ Ինձ թվում էր, բոլորն ինձ էին նայում եւ բոլորին խանգարում էի, բայց ո՞ւմ դարդն էր կտրել, ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Արտադրամասում աղմուկ էր, հաստոցները ճռճռում էին, թիթեղյա թերթերը շրմփալով ընկնում էին, ամեն ինչ պտտվում ու շարժվում էր։

Գտա ծեր փականագործին, միասին գնացինք վարպետ Միշոյի մոտ եւ տասը րոպե հետո արդեն կապել էի հսկայական գոգնոցը, բրեզենտե ձեռնոցներ էի հագել եւ ջոկում էի թիթեղի կտորները։ Սերգեյ Միխայլովիչի տված ձեւաձողի վրա տեղավորում էի թիթեղի կտորը, կավիճով եզրագծում եւ կողքի դնում։ Սա էր իմ աշխատանքը։ Ցերեկվա ժամը երկուսին արդեն տուն էի գնում, ես դեռ անչափահաս էի եւ իմ աշխատանքային օրը կարճ էր։

Հունիսի տասնիննին առաջին անգամ ես էլ իմ ազգանվան դիմաց աշխատավարձի ցուցակում ստորագրեցի եւ ստացա քսանինը ռուբլի, ափիս մեջ սեղմեցի, ձեռքս դրի գրպանս եւ վազեցի հայրիկիս մոտ՝ աշխատանքի վայրը, թե չէ ոնց պիտի համբերեի մինչեւ գործից տուն գար։

― Պահի՛ր, չծախսես, ― ասաց հայրիկս։

Պահեցի, չծախսեցի ոչ մի կոպեկ, ընթրիքի եւ կինոյի փողը հայրս էր տալիս։

Հունիսին, լավ եմ հիշում, ընդհանուր հաշվով ստացա երեք հարյուր տասնչորս ռուբլի, հուլիսին ուրիշ աշխատանքի տեղափոխվեցի։

Հնարավոր չէր, որ ամեն օր չբացեի դարակը, երեք֊չորս օրը մեկ հաշվում էի փողերս։ Չեմ կարող ասել, թե ինձ հաճույք էր պաճառում փող հաշվելը, բայց պահանջ էի զգում, որ ստուգեի՝ տեղո՞ւմ են փողերս, թե՝ ոչ։

Ո՞վ պետք է տաներ։

Օգոստոսի մեկին հիմնարկը վերջնահաշվարկ կատարեց, ազատվեցի աշխատանքից։

Ես ունեի սեփական քրտինքով հեծանից գնելու համար վաստակած 720 ռուբլի գումար՝ սեղանի դարակում դրված, դարակը փակել էի, բանալին գրպանումս էր, եւ գնացքը ինձ ու հայրիկիս դեպի հանգստյան տուն էր տանում։

Ամբողջ օգոստոս ամիսը հոգով տանջվում էի, համբերությունս այլեւս չէր բավականացնում, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ գնանք խանութ եւ գնենք նիկելապատ ղելով, լապտերիկով, պահոցով հեծանիվը։ Բոլորը գիտեին, որ ես փող ունեի, որը վաստակել էի սեփական աշխատանքով, այն էլ՝ 720 ռուբլի եւ այս գումարով կառնեի հեծանիվը։

Վերջապես վերադարձանք հանգստյան տնից, սկսվեցին դասերը, եւ ես նույն օրը պիտի վազեի խանութ՝ հեծանիվ գնելու։

Դպրոցից վազելով տուն եկա, գցեցի պայուսակս, բացեցի դարակս, հաշվեցի գումարը, դրի գրպանս։ Արդեն ուզում էի գնալ հեծանից գնելու, երբ նկատեցի, որ իմ քույրիկ Քեթինոն իր շորերը, գուլպաները եւ կոշիկները արագ֊արագ դասավորու էր ճամպրուկի մեջ եւ կամաց, անձայն լաց լինում, արցունքներն իրար հետեւից թափվում էին․․․

Մոտեցա, դեմքին նայեցի։

Լացում էր, իսկապես լացում էր։

― Ինչո՞ւ ես լացում, Քեթինո, ― հարցրի ես եւ անմիջապես մտածեցի, որ նրա լացի եւ ճամպրուկի հավաքելու մեջ անպայման կապ կար, գիշերը հայրիկը մայրիկին ինչ֊որ բան էր ասում։

― Այն տղան մի կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, վերջացնե՜ն, ոտքի կանգնեն եւ հետո, ինչ կուզեն, թող անեն, թեկուզ երեք անգամ պսակվեն։

Այն տղայի անունը Գիգլա էր, երբեք չէի տեսել նրան կիսամաշ տաբատով, ջրագնդակի խմբակ էր հաճախում։

Վա՜խ, այդ ինչպե՜ս էր խաղում։

Ես շատ էի ուզում, որ Գիգան եւ Քեթինոն․․․

― Աչիկո, ցավդ տանեմ, եղբայրս, դու արդեն մեծ տղա ես եւ երեւի ինձ կհասկանաս, ես տնից գնում եմ Գիգայի մոտ, էլ չեմ կարող․․․, ― Քեթինոն լացեց, եւ ես էլ սկսեցի լացել, չնայած մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ի՞նչը չէր կարող Քեթինոն։

Քեթինոն ճամպրուկը արագ վերցրեց, ինձ համբուրեց, սրբեց արցունքները, տխուր ու սրտաճմլիկ նայեց այս ու այն կողմ եւ գնաց։

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

―Ո՛չ, չեմ ուզում, Աչիկո, հետ վերցրու, ― անհանգստացավ Քեթինոն եւ ինձ մեկնեց փողը։

― Չեմ վերցնի, ձեզ պետք կգա, ― ասացի ես եւ մի քանի քայլ ետ քաշվեցի։

Քեթինոն նորից լացեց․․․ միայն թե այս անգամ հետն էլ ժպտում էր, հետո գումարին նայեց, դրեց գրպանըն ու ասաց․

― Շնորհակալություն, Աչիկո, այս պարտքդ մենք երբեք չենք մոռանա, մենք անպայման քեզ համար հեծանից կգնենք։

Քեթինոն գնաց։

Երեկոյան հայրիկս այնպիսի իրարանցում սարքեց, որ մինչ այդ ոչ մեր ընտանիքում, ոչ էլ հարեւանների տանը չէի տեսել։

Ինչ խոսք, պարզվեց, 720 ռուբլու պատմությունն էր, եւ ճիշտն ասած, ուզածի չափ դնգստեցին։ Քեթոյի եւ Գիգլայի փոխարեն ես մի լավ ծեծ կերա։

Հայրիկս հայտարարեց, որ Քեթինոն մեր ընտանիքում այլեւս ոտք չի դնի․․․ մայրիկն էլ նույն կարծիքին էր։

Մոտավորապես երկու֊երեք ամիս անց մի հետաքրքիր, հաճելի բան լսեցի։

Հայրիկը ննջասենյակում մայրիկին ասաց․

― Մեր տղան լա՜վն է մեծանում, ինչպե՜ս է տվել իր փողերը այն հիմար աղջկան։ Ես պետք է իր համար հեծանիվ գնեմ․․․ իսկ այն աղջկա ոտքը․․․ Տեսնել չեմ ուզում․․․

Գիգլան եւ Քեթինոն զույգ տղա ունեցան, հայրիկն էր նրանց զբոսանքի տանում, բարեկամների եւ բոլորի մոտ պարծենում էր, թե գայլերի նման թոռներ ունի։

Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։

Рубрика: Պատմվացքներ

Էդմոն դե Ամիչիս․ Սիրտը

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Рубрика: Պատմվացքներ

Գորտը։ Ագուտագվա

Arak-gorteri-masin-1132x670

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից: